Մի քանի օր մեր պոլսահայ ընկերների հետ…

Մի քանի օր մեր պոլսահայ ընկերների հետ…

Այս շաբաթ մեզ հյուրնկալվեցին մեր պոլսահայ ընկերները: Ստամբուլից ժամանած ընկերների հետ առաջին անգամ ծանոթացանք ամսի 17-ին` չորեքշաբթի օրը: Այդ օրը պլանավորեցինք, թե ինչպես ենք անցկացնելու շաբաթը, իսկ հետո կատարեցինք փոքրիկ շրջայց մեր խեցեգործության, դիզայնի, գորգագործության դասասենյակներով, մի փոքր պատմեցինք մեր դասերի մասին, սակայն քանի որ նրանք պետք է գնային ճամփորդության դեպի Էջմիածին, մենք նրանց հաջողություն մաղթեցինք և այդ օրվա մեր հանդիպումը այդքանով եզրափակեցինք: Դեռ նրանց հետ մոտիկից չէինք ծանոթացել, այլ ուղղակի մի քանի հարց էինք տվել իրենց տպավորություններից: Անգամ նրանց անունները չգիտեինք:
Մյուս օրը` հիգշաբթի, պոլսահայերի հետ դուրս եկանք ևս մի շրջայցի, բայց արդեն ավելի կոնկրետացված` ըստ պլանների։ Սկզբում գնալու էինք գեղարվեստ` քանդակագործների ցուցահանդեսին, այսինքն՝ քանդակագործության դպրոցի բացմանը մասնակցելու, հետո գնալու էինք քոլեջ` այց գինետուն, և նաև շրջելու էինք կրթահմալիրի դպրոցներում: Իսկ հիմա ամեն ինչ ավելի մանրամասն: 
Գեղարվեստ գնացինք միասին և ճանապարհին փոքր ինչ ծանոթացանք: Ես ավելի մոտիկից ծանոթացա Էլիզաբեթի հետ և պարզեցի, որ նա բացի թուրքերենից, տիրապետում է նաև ռուսերենի և, քանի որ ես նույնպես լավ էի տիրապետում այդ լեզվին, ավելի շատ էի նրա հետ շփվում և ամեն ինչ փորձում էի իրեն հասկանալի թարգմանել: Նաև ասեմ, որ ամեն երեխա տիրապետում էր մի լեզվի, իհարկե, թուրքերենը չհաշված, կային սովորողներ, որոնց հետ անգլերեն էինք շփվում, իսկ  օրինակ Ասյան և Սամվելը կարողանում էին մեզ նման խոսել մաքուր հայերենով և օգնում էին ավելի հասկանալի դարձնել մեր խոսքը մյուսներին: Երբ դեռ բացումը չէր սկսվել, հասցրինք մի քանի սովորողների հետ հարցազրույց ունենալ, և, քանի որ արդեն երկու օր էր, ինչ նրանք եկել էին, փորձեցին համեմատություններ անել մեր և իրենց դպրոցների միջև, բայց այդ տեսանյութը կտեսնեք ավելի ուշ: Քանի որ բացումը մեզ համար էլ էր նորություն, մենք լսում էինք և միառժամանակ փորձում թարգմանել մեր ընկերներին: Շատ գեղեցիկ բացում կայացավ, և մենք շարժվեցինք առաջ, ավելի ճիշտ՝ վերև` դեպի տանիք՝ հյուրասիրություն, քանի որ ուրիշ հյուրեր էլ կային, և տանիքում հյուրասիրություն էր բոլորի համար: Հյուրասիրությունից հետո մենք շարժվեցինք դեպի Քոլեջ: Սկզբում շրջեցինք դպրոցում, իսկ հետո գնացինք գինեդպրոց: Այնտեղ լսեցինք մեր՝ հայերի առաջին գինեգործների մասին, ապա երգելով շշալցրինք մեր սովորողնրի պատրաստած գինին և հանձնեցինք մեր հյուրերին` պարոն Գարեգինին և նրա տիկնոջը: Դրանից հետո գնացինք Արևելյան դպրոց, այստեղ էլ շրջեցինք ողջ դպրոցով և վերադարձանք Մայր դպրոց: Մի ամբողջ օր պոլսահայերի հետ անցկացրինք շատ ուրախ և բարձր տրամադրությամբ:

 

2EBF9DF4-659C-4D9F-B89D-3CFC0C3D7919.jpeg

Երրորդ օրը նույնպես պետք է անցկացնեինք իրենց հետ: Այդ օրը ճամփորդության գնացինք Խոր Վիրապ, և ոչ միայն, մեզ սպասվում էր բուռն օր: Ավտոբուսի մեջ շատ շփվեցինք: Եվ ժամանակն այնքան արագ անցավ, որ անգամ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք: Այնպես ուրախ էինք, կարծես մենք էլ նրանց պես առաջին անգամ եկած լինեինք Խոր Վիրապ: Շատ գեղեցիկ էր ամեն ինչ, շուրջբոլորը կանաչ, ծաղկած և թարմ… Մի խոսքով՝ նրանք էլ էին հիացած: Դե… մի փոքր պատմեցինք Խոր Վիրապի պատմության, Գրիգոր Լուսավորչի մասին և շարժվեցինք առաջ: Բարձրացանք և միանգամից ցանկացանք իջնել փոսը: Անձամբ ես` 3 անգամ եղել էի ներքևում, բայց քանի որ նրանք առաջին անգամ էին այնտեղ և այնքան պատմեցինք, որ իրենց էլ էր արդեն շատ հետաքրքիր: Բոլորս համոզեցինք ընկեր Ստելային և ընկեր Տաթևին, որ ինջնենք: Բոլորս էլ վախեցանք, բայց հաղթահարեցինք և ահա արդեն այնտեղ էինք: Երեխաները շատ ավելի ուրիշ և գունեղ պատկերացում ունեին, բայց երբ տեսան այդ դաժան պայմանները, զարմացան: Լուսանկարվեցինք և բարձրացանք, հետո մյուս փոսը իջանք: Երբ հասկացանք, որ անձրև է սկսվում, վազեցինք մեքենա և ընկանք հետ ճանապարհ: Ճաշելու ժամն էր, և, երբ արդեն հասել էինք Երևան, մեզ դիմավորեցին ընկեր Գոհարն ու պարոն Իսպիրյանը`իր որդիների հետ, որոնք, ի դեպ, մեր դասարանցիներն են: Ճաշելու էինք ռեստորանում, որտեղ մի լավ շփվեցինք, խոսում էինք տարբեր թեմաներից և ամեն ինչից: Արդեն լավ ընկերացել էինք, և պարզվեց՝ կան հետաքրքրություններ, որոնք ընդհանուր էին, և մինչ ուտելիքը մատուցելը`անգամ հարցազրույցներ հասցրինք ունենալ: Կերանք համեղ պիցցան և աղցանները ու դուրս եկանք դեպի ռադիոտուն: Ասեմ, որ իսկապես շատ հետաքրքիր էր, քանի որ տեսանք իսկական պրոֆեսիոնալ ստուդիա, որտեղից էլ լսում ենք բոլոր ռադիոեթերները: Մեր հյուրերը ձայնագրվեցին, իսկ մենք նայում և լսում էինք, ապա պարոն Իսպիրյանը մեզ հետ շրջայց կատարեց ռադիոտան սենյակներով, տեսանք այն սարքը, որի միջոցով թվայնացվում են հին երգերը, և անգամ հասանք այն դռանը, որը ջարդել էին հեղափոխության ընթացքում: Մի խոսքով այնքան հավես էր: Ռադոտնից հետո մեր ընկերներն այցելեցին նաև Պանթեոն, իսկ ես վերադարձա տուն: Այդքանով էլ ավարտվեց իմ օրը:

Չորրորդ օրն էր`վերջինը, որ անցկացնելու էինք արդեն մեզ մտերիմ դարձած ընկերների հետ: Այդ օրը գնացինք Գառնի Գեղարդ: Բայց մինչ գնալը, տեղի ունեցավ կլոր սեղան-ամփոփում: Պատմեցինք մեր տպավություններից և, քանի որ արդեն ուշանում էինք, մի փոքր պարեցինք, երգեցինք և ճանապարհ ընկանք: Ողջ ճանապարհը ձյուն էր, սակայն լավ էր, որ Գառնու տաճարի մոտ ընդամենը անձրև էր և, չնայած, որ մի փոքր թրջվեցինք, բայց մի լավ հիացանք այնտեղի տեսարանով և ևս մեկ անգամ տեսանք Գառնու տաճարը: Մի քիչ նկարվելուց հետո էլի վերադարձանք ավտոբուս և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գեղարդ: Հասանք, իսկ այնտեղ ձյուն էր… մի լավ ման եկանք, անգամ ձնագնդի խաղացինք, մաքուր ջրից խմեցինք, արտասանեցինք և որոշեցինք սնվել: Կերանք թթու լավաշ, որը գնեցինք այնտեղից: Ժամանակը թռավ, թվում էր, թե շատ կարճ տևեց, սակայն իրականում արդեն ժամը չորսն էր: Հոգնած, բայց գոհ վերադարձանք տուն և այսպես էլ ամփոփեցինք մեր օրը:

Թողնել մեկնաբանություն