Ախթալա գետի աղտոտվածությունը…

Ախթալա գետի աղտոտվածությունը…

Հայաստանի ամենաաղտոտված գետը Ախթալան է, ավելի կոնկրետ Ախթալայի գետաբերանը (որտեղից թափվում է Դեբեդ գետը): Հայաստանում գետերի աղտոտվածությունը որոշվում է 2007-ից գործող գետերի ջրի որակական չափանիշների ստուգման նորմատիվային 5 բալանոց համակարգով. մաքուր, վատթարացող, մինչև 5-րդը՝ ամենավատ որակը: Մոնիթորինգային արդյունքներով մեր Հայաստանի գետերը հիմնականում 2-րդ և 3-րդ կարգի մաքրության են, շատ քիչ գետեր կան կամ գետերի հատվածներ, որոնք կարող են 4-րդ կամ 5-րդ դասի աղտոտվածության դասվել: Ինչ վերաբերում է առաջին դասի գետերին, ապա դրանք, ըստ էության, չկան, քանի որ դրանք, գետերի ակունքային հատվածներն են միայն, որտեղից սկիզբ են առնում:

Հայաստանի գետերում աղտոտվածության ամենատարածված ցուցանիշը ամիակի պարունակությունն է: Մնացած պարամետրերով՝ պարունակություններն ավելի մոտ են 3-րդ և 4-րդ կարգերին, այսինքն՝ մեզ մոտ ամիակն է, որ բերում է ջրի 5-րդ դասի պատկանելության: Ինչ վերաբերում է մետաղներին, մենք ՀՀ-ում չունենք գետերում այնպիսի վտանգավոր մետաղներ, ինչպիսիք են կապարը, արսենիումը: Հիմնականում բարձր են լինում պղնձի, ցինկի պարունակությունները հանքարդյունաբերության գոտիներում։

Ինչ վերաբերում է նրան, որ եթե 5-րդ կարգի աղտոտվածության գետը թափվում է ավելի մաքուր գետ, ինչպես օրինակ՝ Դեբեդն է, ապա մասնագետը նշեց, թե դրանից չի բխում, որ այն 5-րդ կարգի է դարձնում նաև Դեբեդը, քանի որ նախ, Հայաստանի գետերը օժտված են ինքնամաքրման բարձր աստիճանով և երկրորդ՝ Ախթալան պակաս ջրառատ լինելով, քան Դեբեդը, նոսրանում է այնտեղ և այն չի դարձնում 5-րդ կարգի աղտոտվածության:

Ախթալա խոշորացված համայնքի տնամերձ հողամասերն ու Դեբեդ գետն աղտոտվել են թափոնաջրերով: Ախթալա համայնքի Արամյանցի դղյակին կից սելավաջրերը, խառնվելով պայթուցիկների ձորի պոչամբարի և նրան հարակից թափոնակույտերի թափոններին, հոսել են միջհամայքնային ճանապարհներով դեպի տնամերձ հողամասեր, այնուհետ՝ լցվել Ախթալա գետակի մեջ: Գետակի այն հատվածից, որտեղ թափվել են այդ թափոնակույտերը, 20 մ այն կողմ Ախթալան միանում է Դեբեդ գետին: Իսկ տնամերձերի տերերի գյուղատնտեսական մշակումները, ծառերն ու բանջարաբոստանային կուլտուրաները շարունակաբար այս աղտոտման տակ են։

Ախթալա համայնքում մարդկանց և երեխաների օրգանիզմում ծանր մետաղները շարունակաբար կուտակվելու են՝ վտանգելով նրանց կյանքը։ Ու որևէ մեկը այս վիճակի համար ոչ պատասխանատվություն է կրում, ոչ էլ լուծում է այս խնդիրը, որը բարձրաձայնում ենք տարիներ շարունակ։ Քաղաքացիներն էլ անպաշտպան են այս իրավիճակում. ո՛չ իրենց պաշտպանող օրենսդրություն կա, ո՛չ էլ որևէ մարմին։

Ախթալան թափոններից մաքրել է պետք անհապաղ, արդեն մի տարուց ավելի ասում ենք, ծայրահեղ է վիճակը…»,- ահազանգում է Օլեգ Դուլգարյանը:

Ախթալա գետակն աղտոտված է անհասկանալի նյութերով, որը հավանաբար արտահոսք է հանքերից: Գետակը միախառնվում է Դեբեդ գետին, որից ներքև՝ մինչև հայկական սահմանը, ավելի քան 20 գյուղեր ոռոգում են իրենց այգիներն այս ջրերով, արդեն աղտոտված ջրերով։ Ախթալա գետակն ամբողջությամբ իրենից պոչանք է ներկայացնում: Դեբեդ գետին խառնված զանգվածը գետից առանձին է հոսում։

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9….

Հայաստանի արգելավայրեր | Ախնաբադի կենու պուրակ

Հայաստանի արգելավայրեր | Ախնաբադի կենու պուրակ

Ախնաբաթի կենու պուրակ արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։

Կազմավորվել է 1959 թվականին, ունի 25 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Միափորի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին, Ծաղկուտ լեռնաբազուկի վրա, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբաթի եկեղեցու հարևանությամբ՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում Փոլադ գետի ավազանում։

Ստեղծվել է մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 25 մ բարձրություն և բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու ծառեր։ Կենին բազմանում է բնական ճանապարհով՝ սերմերից։ Հատապտղային կենին մշտադալար բարձրահասակ ծառ է՝ մուգ կանաչ կոնաձև սաղարթով։

Կենու երկրորդ՝ կարմրածառ անունը պայմանավորված է կարմրավուն բնափայտով։ Այն մարդկությանը հայտնի է դեռևս 3000 տարի առաջ, երբ նրանից պատրաստում էին սարկոֆակներ՝ կենու բնափայտի՝ ջրում չմեխելու, սնկերի և միջատների նկատմամբ կայունության շնորհիվ։ Ավելի ուշ սկսել են պատրաստել ռազմական գործիքներ, կենցաղային իրեր, հետագայում՝ կահույք։

Էկոլոգիա | ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թռչուններ և բույսեր.

Էկոլոգիա | ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թռչուններ և բույսեր.

Ոչ ոքիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի հարուստ կենդանական և բուսական աշխարհ և հետևյալ նյութով կփորձեմ առանձնացնել որևէ կենդանի, թռչուն և բույս, որոնք ցավոք կանգնած են ոչնչացման եզրին, կքննարկեմ, թե որոնք են, կնկարագրեմ և նաև կփորձեմ գտնել պատճաներ, թե ինչու են նրանք ոչնչանում։

Ինչպես գիտենք.
Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին: Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով: Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի տվյալները:

Կենդանի՝ Մանուլ

Մանուլ

Մանուլը կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։ Մոտ 100 տարի դադարից հետո 2020 թվականին, Մանուլը կրկին հայտնվել է Հայաստանում։ Մանուլը ունի տնային կատվի չափ, սև ծայրով 23-31 սմ երկարությամբ պոչ, 52-65 սմ մարմնի երկարություն, 2-5 կգ քաշ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով։ Գլուխը փոքր է ու լայն, հեռու տեղադրված փոքր կլորավուն ականջներով։ Ի տարբերություն ընտանի կատուների՝ աչքերը դեղին են, վառ լույսի ժամանակ բբերը մնում են կլոր և չեն ստանում ճեղքաձև կառուցվածք։ Այտերի վրա երկարացած մազերի խրձեր են։ Պոչը երկար է ու հաստ կլորացած ծայրով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։ Իրանի ետին մասը և պոչը ծածկված են նեղ, մուգ, զուգահեռ բծերով։ Մռութի կողքերից՝ աչքերի անկյուններց անցնում են ուղղահայաց սև գծեր։ Մարմնի ստորին մասը գորշ է։
Մանուլը տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Արևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա, Հարավ-Արևմտյան Չինաստան։ Մանուլների արեալը բնութագրվում է խիստ մայրցամաքային կլիմայով։ Մանուլները բնակվում են տափաստանային և կիսատափաստանային շրջաններում, միջլեռնային կատլավաններում, անտառային շրջաններում։ Վարում է նստակյաց կենսակերպ։ Ակտիվանում է մթնշաղին և վաղ առավոտյան, կեսօրին քնում է թաքստոցում։ Բույնը դնում է ժայռերի ճեղքվածքներում, փոքր քարանձավներում, քարերի տակ, գորշակների և աղվեսների լքված բներում։ Դանդաղաշարժ կենդանի է, որը սնվում է մեծ մասամբ կրծողներով, հազվադեպ որսում է գետնասկյուռներ, ճագարներ և թռչուններ։ Վտանգի դեպքում թաքնվում կամ բարձրանում է քարերի ու ժայռերի վրա։

Անհետացման պատճառներ.

Շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, և թվաքանակը գնալով նվազում է։ Որոշ շրջաններում գտնվում է վերացման եզրին։ Տեսակի ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ կենդանու թաքնված կենսակերպի և մոզաիկ տարածվածության պատճառով։ Թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառը մորթու համար որսագողությունն է։ Անթրոպոգեն գործոնից բացի թվաքանակի վրա ազդում է սննդային բազայի նվազումը, գայլերի և բվերի հարձակումները։ Գրանցված է IUCN-ի կարմիր ցուցակում, որսը արգելված է։ Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում։

Թռչուն՝ Ալպիական ճայ

Ալպիական ճայ

Ալպիական ճայերի ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Մարմնի երկարությունը 38 սմ է, թևերի բացվածքը՝ 75-85 սմ, կենդանի զանգվածը՝ 240-295 գ։ Փետրավորումը սև է, իսկ երկար պոչը և թևերը՝ կլորավուն։ Նստած վիճակում թևերը չեն հասնում պոչի ծայրին։ Հասունի կտուցը կարճ է՝ թեթևակի ներքև կեռված և դեղին, սևավուն ոտքերը՝ կարմիր՝ խամրած վարդագույն երանգով։ Երիտասարդի կտուցը բաց մոխրագույն-դեղին է, ծայրը՝ մուգ։ Խիստ երամային է։ Երամները կայուն և միասնական են։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում, ժայռագագաթների շուրջը։ Արձակում է խիստ բնորոշ բարձր տոնայնության սուր ճիչեր։

Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ալպյան մարգագետիններում, ձմռանը՝ կերով ապահով վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Նստակյաց և չվող այս տեսակը բնադրում է ոչ մեծ գաղութներով։ Գավաթաձև բույնը պատրաստում է դժվարհասանելի ժայռերում և կիրճերում։ Ձվադրումը մայիս-հունիսին է, զարգացումը՝ 18-21 օր։ Դնում են 3-6 ձու։ Հայաստանում ալպիական ճայի տարածմանը վերաբերող տվյալները հավաքագրվել են 1995 թվականին։ Բնադրագաղութները հայտնաբերվել են հուլիսի ընթացքում, որտեղ նորելուկ ձագերը եղել են հասունների հսկողության տակ։ Բարձրադիր լեռնագոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։ Հայաստանում բնադրում է մեկուսացված օջախներով Զանգեզուրի լեռնաշղթայում և լեռնաճյուղերում։ Տարածված է Հարավային Եվրոպայի, Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայի լեռներում, Արևմտյան Տիբեթում, Հիմալայներում և Ալթայում։

Անհետացման պատճառներ.

Օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ և Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Սպառնացող վտանգներից է, հավանաբար, փոքր թվաքանակը։ Ապրելավայրերի մի մասը ներգրավված է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։ Պահպանվում է «Բողաքար» պետական արգելավայրում։

Բույս՝ Եղբորոսին քրդական

Եղբորոսին քրդական

Եղբորոսին քրդական խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 20-40 սմ բարձրությամբ, բազմամյա, ստորգետնյա կոճղարմատավոր, գեղազարդային խոտաբույս է։ 4 սմ երկարությամբ տերևները զարգացած են և սակավաթիվ։ Ծաղիկները վարդագույն են կամ սպիտակավուն։ Լայնակի նեղացումով ծաղկի շուրթն ունի կարճ, բութ խթան։ Հիմքի մոտ ոլորված սերմնարանը նստադիր է, իսկ պտուղը՝ վերև ուղղված։
Հայաստանում աճում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Լիճքվազ)։ Աճում է նաև Հյուսիսարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Անատոլիայում, Հյուսիսային Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում։ Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և կրաքարային տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին։

Անհետացման պատճառներ.

Խոցելի տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ պոպուլյացիան սահմանակից է Իրանում աճող պոպուլյացիայի հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում։

Որդան կարմիր

Որդան կարմիր

Որդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիրը Margarodidae ընտանիքին պատկանող միջատ, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։ Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։ Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։ Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։ Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։ 15-րդ դարում Հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։ 19-րդ դարում Այղր լճի շրջակայքում և Արաքսի մերձափնյա Շորլու, Սարվանլար, Խոր Վիրապ վայրերում դեռևս աճում էին որդան կարմիրի սեզերը։ Շուրջ երկու հազար տարի Հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։ Որդան կարմրի ձվերը ձմեռում են հողի մեջ մոտ 7 ամիս (սեպտեմբերից մարտ)։ Գարնանը (մարտ-ապրիլ) ամիսներին, ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները, որոնք կպչում են սնուցող բույսի արմատներին։ Հետագայում թրթուռները ձևափոխվում են թաղանթապատյանների (ցիստաների)։ Օգոստոսի վերջում տեղի է ունենում կերպարանափոխություն՝ մետամորֆոզ։ Սեպտեմբերի սկզբներին արդեն ձևավորված արուները և էգերը դուրս են գալիս հողի վրա և զուգավորվում։ Արուները զույգավորումից հետո սատկում են, իսկ էգերը մտնում են հողի տակ ձվադրման համար։ Այսպիսով, մեկ տարում որդան կարմիրը տալիս է մեկ սերունդ։
Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է։ Տարածված է Արարատի և Արմավիրի մարզում՝ Արարատյան հարթավայրի աղուտներում։ 20-րդ դարի կեսերին արեալը կազմում էր 10000 հա, 1990 թվականի տվյալներով՝ ընդամենը 2000 հա էր և բաղկացած էր իրարից տարանջատված փոքր (մինչև մի քանի հեկտար) և 2 համեմատաբար մեծ՝ մեկը՝ Արազափ (200 հա) մյուսը՝ Ջրառատ (17 հա) գյուղերի մոտակայքում (Արմավիրի մարզ) գտնվող հատվածներից։
Ապրում է կերային բույսերի առկայությամբ աղուտներում։ Բուսակեր, օլիգոֆագ տեսակ է, որը սնվում է միայն երկու տեսակի բույսերով՝ որդանախոտով (Aeluropus) և եղեգով (Phragmites)։ Ապրիլ-մայիս ամիսներին դուրս են գալիս թրթուները՝ թափառողները, բարձրանում են հողի մակերես և մինչև օգոստոս սեպտեմբեր ամիսը սնվում են կերակրաբույսով։ Սնման ամբողջ ընթացքում թրթուրը մնում է կպած բույսին։ Մայիսի վերջին կատարվում է մաշկափոխություն և առաջանում են ցիստեր, որոնց մի մասից օգոստոսի երկրորդ կեսից սկսում են դուրս գալ արտաքինից հասուն էգերին նման, բայց չափերով շատ ավելի փոքր արու թրթուրները, որոնք որոշ ժամանակ անց անցնում են հողի մեջ և ձևավորվում հարսնյակը և նիմֆերը։ Այդ ամբողջ ժամանակահատվածում էգերի թրթուրները շարունակում են սնվել և աճել կերաբույսերին կպած ցիստերում։ Ցիստերից դուրս գալուց հետո էգերը անմիջապես բարձրանում են հողի մակերեևույթ և սպասում են արուներին, որոնք հողի մակերևույթ են դուրս գալիս շարջուն դառնալուց հետո, երբ ձևավորվում են նրանց թևերը։ Հասուն էգերը և արուները մասսայաբար դուրս են գալիս հողի մակերևույթ սեպտեմբերից մինչև հոկտեմբերի կեսերը, վաղ առավոտյան՝ ժամը 6-ից մինչև 11-ը։ Այդ ընթացքում կատարվում է նրանց զուգավորումը, որից հետո արուները սատկում են, իսկ բեղմնավորված էգերը անցնում են հողի մեջ և 1-5 սմ խորության վրա սկսում են արտադրել նուրբ մոմային թելեր ու պատրաստել յուրօրինակ թավշոտ բոժոժ՝ ձվապարկ, որտեղ էլ ձվադրում են, որից հետո նրանք էլ են սատկում։ Ձմեռում են ձվերը։

Անհետացման պատճառներ.

Սահմանափակ, կրճատվող արեալով և նվազող թվաքանակով հազվագյուտ էնդեմիկ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում։ Տարածման վայրերում թվաքանակը բարձր է, սակայն պոպուլյացիայի թվաքանակը, պայմանավորված արեալի զգալի կրճատմամբ, ընդհանուր առմամբ խիստ նվազել է։ Վտանգման հիմնական գործոններից են աղուտների ինտենսիվ յուրացումը, մելիորատիվ աշխատանքների իրականացումը, հողերի սեփականաշնորումը և անասունների չկարգավորված արածեցումը։ Հաշվի առնելով արեալի առանձնահատկությունները՝ դրա սահմանափակ, մասնատված և հողահանդակներով շրջապատված լինելը, կլիմայի հնարավոր փոփոխությունները կարող են առավել մեծ վտանգ ներկայացնել տեսակի համար։ Հիդրոլոգիական ռեժիմի հետագա փոփոխությունը ինչպես տեսակի տարածման վայրերում, այնպես էլ շրջակա հողահանդակներում, կարող է հանգեցնել նրա ապրելավայրերի ոչնչացմանը և հետևաբար` նաև միջատի բնաջնջմանը։ 1986 թվականի հատուկ այս տեսակի պահպանության նպատակով ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը։ Մշակված է արհեստական պայմաններում միջատի բազմացման մեթոդը։ Որդան կարմիրը պահպանվում է արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Շրջակա միջավայրի մոնիտորինգ

Շրջակա միջավայրի մոնիտորինգ

Շրջակա միջավայրի մոնիտորինգը շրջակա միջավայրի վիճակի վերահսկողության, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա մարդածին ու բնական գործոնների բացասական ազդեցությունների կանխատեսման և կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող կանոնավոր երկարատև դիտարկումների համակարգ է։ Մոնիտորինգի հիմնական գործառույթներն են մթնոլորտային օդի, ջրերի, բուսատեսակների և կենդանատեսակների, բնական լանդշաֆտների և այլ բաղադրամասերի վիճակի ու որակի վերահսկումը, աղտոտման հիմնական աղբյուրների հայտնաբերումը, բնական լանդշաֆտի հիմնական բաղադրամասերի որակի կանխատեսումը։

Մոնիտորինգը լինում է տեղական, տարածաշրջանային (երկրահամակարգային) և խոշորամասշտաբ (կենսոլորտային)։ Շրջակա միջավայրի մոնիտորինգը իրականացնում են պետական և գերատեսչական տարբեր կազմակերպություններ՝ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը և այլն։ Կատարվում է, օրինակ, անտառների մոնիտորինգ, բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգ, բուսական աշխարհի մոնիտորինգ, կենդանական աշխարհի մոնիտորինգ, ջրային պաշարների մոնիտորինգ և այլն։ Մոնիտորինգային տվյալները ենթարկվում են վիճակագրական ու համեմատական վերլուծության և համապատասխան տեղեկանքների ձևով ներկայացվում են բնապահպանության նախարարության ստորաբաժանումներ, տեղեկատվավերլուծ, կենտրոն՝ շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանը տրամադրելու համար։ Մոնիտորինգի տվյալների հիման վրա գնահատված ֆոնային ցուցանիշներն օգտագործվում են կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների, արտահոսքերի և սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի հաշվարկման համար։

«Շրջակա միջավայրի մոնիտորինգ» հասկացությունը ուսումնասիրելուց գտա «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության» պաշտոնական կայքը, որտեղ հանդիպեցի մի նյութի, որը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄԿ» ՊՈԱԿ) իրականացրած մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային տեղումների, հողերի, հատակային նստվածքների որակի մոնիթորինգի և գնահատման մասին էր: Նյութը ընդգրկում էր ՀՀ գետերի, լճերի և  ջրամբարների, Սևանա լճի  վերաբերյալ քանակական տարատեսակ տվյալներ, ինչպես նաև տարեկան տեղեկագրեր։
Հանդիպեցի ևս մի հետաքրքիր նյութի, որտեղ նույնպես կատարվել էր Շրջակա միջավայրի մոնիտորինգ մի հետաքրքիր թեմայի շուրջ։ Ինչո՞ւ է ծաղկում Սևանը, և ինչպես լուծել խնդիրը։ Նյութի բովանդակությունը հետևյալն էր՝ «բնապահպանական խնդիրները լուծելու համար Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի և Ուկրաինայի մասնագետները համախմբվել են մեկ՝ «Պոնտոս» հարթակում: Եվրամիության «Պոնտոս» ծրագրով, ըստ էության, հնարավոր է իրականացնել շրջակա միջավայրի արբանյակային մոնիթորինգ, որից հետո խնդիրների լուծումը կգտնեն մասնագետները»։ Ինչպես նաև բավականին երկար խնդրի լուծման համար տարատեսակ առաջարկներով լի հարցազրույցներ փորձագետների հետ և այլն…։

Մենք Կինոյի տանը…

Մենք Կինոյի տանը…

Նոյեմբերի 5-ին, ոչ այդքան մեծ խմբով, սակայն ակտիվ և հետաքրքրված սովորողներով, ընկեր Էմանուելի հետ այցելեցինք Կինոյի տուն ՝ կինոդիտման։ Կինոդիտումը իրականացվել էր «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կողմից, որի հետ մենք ավելի վաղ համագործակցել էինք և ուրախ էինք ևս մեկ անգամ ներգրավվել ծրագրի որևէ հանդիպման/այցի։ Կինոդիտմանը մեզ սպասում էր բնապահպանական լուրջ խնդիր՝ ջրի խնդիրը բարձրացնող, բարձրաձայնող ֆիլմ, որը պետք է դիտեինք, ինչից հետո այն քննարկելու էինք դրա ռեժիսորի հետ, սակայն ցավոք, մի քանի խնդրի պատճառով նա չկարողացավ ներկա գտնվել ֆիլմի ցուցադրությանը, ինչի արդյունքում էլ ֆիլմի քննարկում չկայացավ։ Սակայն դիտման համար էլ մենք շա՜տ ուրախ էինք։ Իսկ հիմա պատմեմ դրա մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը մի փոքրիկ տղա էր՝ 6-8 տարեկան։ Դեպքերը տեղի էին ունենում Իրանում։ Փոքրիկ տղան ուներ լիարժեք ընտանիք՝ մայր, հայր և շատ շուտով լույս աշխարհ էր գալու իր քույրիկը։ Հայրը աշխատում էր իրենցից հեռու և շատ էր աշխատում, քանի որ ուներ պարտքեր և վարկեր։ Դրանք կուտակվել էին, քանի որ նա վարկով հող էր գնել, այն հույսով, որ ջրամբարի ջրով այն կոռոգի, կկարողանա խնամել այն, բերք ու բարիք ունենալ և այդպես գումար աշխատել ու պարտքերը փակել։ Սակայն ջուրը չկար ու չկար, իսկ վարկերը հարկավոր էր փակել։ Ընտանիքի համար այդ բարդ պահին տղայի մայրը ծննդաբերում է և մահանում, ինչի արդյունքում տղան ու իր քույրը մնում են մենակ։ Շուտով ՝ մոր թաղման արարողության ընթացքում հասնում է նաև նրանց հայրը, ում ցավը նույնպես ահռելի էր։ Նրանք մնացին երեքով, իսկ հոր վրա ընկավ ընտանիքին նյութապես ապահովվելու, երեխաների մասին միայնակ հոգ տանելու և վարկերը փակելու բեռը։ Երեխաների հետ նրան անչափ բարդ էր։ Քանի որ չէր աշխատում, չուներ միջոցներ երեխաների մասին հոգ տանելու, ինչպես նաև վարկերը մարելու համար։ Նա բարդ դրության մեջ էր, ինչի ընթացքում ստացավ մի քանի առաջարկներ ՝ տալ աղջկան որդեգրման հարուստ ընտանիք, փոխարենը նրանք կմարեին իրենց վարկերը, երեխային էլ ապահով կյանք կպարգևեին, նաև ստացավ առաջարկ իր երեխային կերակրող կնոջ ամուսնալուծված քրոջ հետ ամուսնանալ և այլն…։ Սակայն հայրը և ոչ մեկին չհամաձայնվեց։ Այդպես նա մնաց շատ անօգնական և էլ ավելի անճար կարգավիճակում։ Ընթացքում վեճեր էր ունենում իր համառ որդու հետ, ով ամեն ինչ անում էր, որպեսզի իր քույրիկին ՝ մոր միակ հիշատակին հայրը չտար որդեգրման և քրոջը վերցնելով փախավ տնից։ Վերջում հայրը վաճառեց իր մեքենան, իմանալով, որ այդ գումարով կարող է փակել իր վարկերը միայն 3 ամիս, և ասելով՝ «3 ամսից կտեսնենք» կինոն հասավ իր տխուր, բայց և միարժամանակ բարի ավարտին։ Ֆիլմը անչափ հուզիչ էր և զգացմունքային։ Իսկ ողջ դաժանությունը կայանում էր նրանում, որ այսպիսի շատ ու շատ ընտանիքներ են տուժում այսօր տիրող ջրի խնդրի պատճառով և այդպես կորցնում են իրենց ունեցվածքը, ընտանիքը և ողջ երջանկությունը։

Նյութերի շրջանառությունը էկոհամակարգում | Ֆոսֆոր

Նյութերի շրջանառությունը էկոհամակարգում | Ֆոսֆոր

Ֆոսֆորը բնության մեջ տարածված քիմիական տարր է. երկրակեղևում տարածվածությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջացնում է ապատիտների և ֆոսֆորիտների խոշոր կուտակումներ, որոնք ֆոսֆորի և նրա միացությունների ստացման հումքն են: Հայտնի է ֆոսֆորի ավելի քան 180 միներալ (հիմնականում՝ ֆոսֆատներ): 

Ֆոսֆորը տարբեր պայմաններում դրսևորում է տարբեր՝ օքսիդացնող կամ վերականգնող հատկություններ: Առաջացնում է մի շարք տարաձևություններ (ալոտրոպ ձևափոխություններ), որոնք միմյանցից տարբերվում են մոլեկուլում ատոմների թվով և նյութի բյուրեղական ցանցի կառուցվածքով: 

Սպիտակ ֆոսֆորը բնորոշ հոտով, անգույն, մոմանման, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլորշիները սառեցնելիս: Հալման ջերմաստիճանը 44,1օC է, եռմանը՝ 280,5օC: Օդում (40օC) ինքնաբռնկվում է (պահում են ջրի տակ): Տաքացնելիս (250–300օC) դանդաղ փոխարկվում է կարմիր ֆոսֆորի: Վերջինս առաջացնում է բյուրեղական մի քանի ձևափոխություններ: Մթության մեջ կարմիր ֆոսֆորը չի լուսարձակում և գրեթե թունավոր չէ: Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ (մոտ 15 հզ. մթն) տաքացնելիս (200–220օC) փոխարկվում է սև ֆոսֆորի (նման է գրաֆիտին, կիսահաղորդիչ է):

Ֆոսֆորի հայտնաբերման պատմություն.

Ֆոսֆորը հայտնաբերել է համբուրգցի ալքիմիկոս Գ.Բրանդը՝ ավելի քան 300 տարի առաջ: Այդ երկնագույն լուսարձակող «սառը կրակը» Բրանդն անվանեց ֆոսֆոր (հունարեն «ֆոս»՝ «լույս», և «ֆորոս»՝ «կրող», բառերից): XIX դարում հայերը գործածել են ֆոսֆորի «լուսածին» անունը: Նոր նյութի այս զարմանալի՝ սառը լույս արձակելու հատկությունը Բրանդը, այնուհետև նաև ուրիշներ, օգտագործեցին որպես հարստանալու միջոց. բազմաթիվ այցելուներ փող չէին խնայում այդ հրաշքը տեսնելու համար: 

Ֆոսֆորի տարրական բնույթը 1783 թ-ին բացահայտել է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն:

Ֆոսֆորը հիմնականում օգտագործում են ֆոսֆորական թթու և նրանից ֆոսֆորական պարարտանյութեր ու այլ ֆոսֆատներ ստանալու համար: Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է հրկիզող և ծխարձակ արկեր ու ռումբեր պատրաստելու համար, կարմիր ֆոսֆորը՝ լուցկու արտադրության մեջ: Ֆոսֆորն օգտագործվում է նաև մետաղաձուլության մեջ: Սպիտակ ֆոսֆորը և ֆոսֆորի միացություններից շատերը (հատկապես՝ ֆոսֆորօրգանական միացությունները) թունավոր են: 

Ֆոսֆորն օրգանիզմում

Ռուս գիտնական Ա.Ֆերսմանը ֆոսֆորն անվանել է «կյանքի և մտքի տարր», որովհետև այն հայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերևներում, ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Այսպիսով, բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապա մատակարարում մարդկանց ու կենդանիներին: 

Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է (3–5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում: Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր կարևորագույն ֆիզիկական շարժընթացները կապված են ֆոսֆորօրգանական նյութերի փոխակերպման հետ: Մարդու օրական պահանջը 1–1,2 գ է (երեխաներինը՝ ավելի շատ): Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն և այլն: 

Հասուն մարդու օրգանիզմում ֆոսֆորի քանակը 670 գ է (մարդու զանգվածի մոտ 1%-ը). այն անհրաժեշտ է ոսկրագոյացման և էներգիական փոխանակության համար: Ֆոսֆորի 90 %-ը գտնվում է կմախքում (ոսկրերում և ատամներում), մնացածի հիմնական մասը՝ բջիջներում, 1%-ը՝ արտաբջջային հեղուկներում:

Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: 

Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր: Հետևաբար, կայուն բերք ստանալու համար այդ պակասորդն անհրաժեշտ է շարունակաբար լրացնել: Այդ նպատակով ֆոսֆորիտային հանքաքարի համաշխարհային ամենամյա արդյունահանումը կազմում է ավելի քան 100 մլն տ: 

ՀՀ-ում ֆոսֆորով հարուստ հանքաքարեր կան Կոտայքի մարզում: 

Էկոհամակարգ

Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Էկոհամակարգի բնորոշումները

  1. Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։
  2. Էկոհամակարգ — ֆիզիկա-քիմիակենսաբանական գործընթացների համակարգ է՝( Ա. Տենսլի՝ 1935 թվական)։
  3. Կենդանի օրգանիզմների համալիրը, այն շրջապատող անկենդան միջավայրը և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունը անվանում են էկոհամակարգ։
  4. Օրգանիզմների և դրանք շրջապատող ոչ օրգանական բաղադրիչների ողջ միասնությունը, որում հնարավոր է իրականացնել նյութի շրջապտույտը, անվանում են էկոլոգիական համակարգ կամ էկոհամակարգ՝ Վ. Վ. Դենիսով։
  5. Բիոգենեցինոզ (Վ. Ն. Սուկաչով՝ 1944) — կենդանի և ոսկրային բաղադրիչների փոխպայմանավորված համալիր, որոնք իրար հետ փոխկապակցված են էներգիայի և նյութերի փոխանակությամբ։

Երբեմն հատուկ կերպով ընդգծվում է, որ էկոհամակարգը — դա պատմականորեն ձևավորված համակարգ է։

Էկոհամակարգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Էկոլոգիա | Շրջակա միջավայրը մարդու առողջության տեսանկյունից

Էկոլոգիա | Շրջակա միջավայրը մարդու առողջության տեսանկյունից

Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեզ շրջապատող միջավայրը ունի ուղղիղ ազդեցոություն մեր առողջության վրա եւ կախված նրանից, թե մենք մեր ողջ կյանքում որտեղ ենք բնակվում եւ տվյալ տեղանքը էկոլոգիապես մաքուր է, թե ոչ, մեր առողջությունը կլինի համապատասխան տվյալ տեղանքին եւ բնակության պայմաններին։ Հիմա մի փոքր փորձենք կետերով քննարկել, թե ինչը կարող է շրջակա միջավայրում մեր առողջությունը վնասելու պատճառ դառնալ։

Նախ փորձեմ թվարկել աղտոտվածության այն կետերը, որոնք հաճախ հանդիպում են հենց մեր շուրջը, հենց մեր տեղանքում, ապա մեկ-երկուսը մանրամասնորեն կքննարկեմ եւ կվերլուծեմ ՝ պատճառներով եւ հետեւանքներով։

  • Աղտոտվածություն
    • մեխանիկական, որը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների հետ
    • ֆիզիկական ՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, 
      խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով, լույսի
    • քիմիական ՝ պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է
    • կենսաբանական, որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունից։
Read more
Ժանտախտի դեպքեր եւ տարածվածություն Հայաստանում

Ժանտախտի դեպքեր եւ տարածվածություն Հայաստանում

Վերջերս ժամտախտի դեպքերը նվազել են.

Օգոստոսի 31-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Լորուտ եւ Մարց համայնքներում հերթական անգամ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեպքեր են արձանագրվել, եւ սատկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել Լորուտում՝ 120, Մարցում՝ 40 խոզ: Հրապարակումից երկու օր անց պատկան կառույցները հայտարարեցին, որ այս գյուղերում կարանտին է սահմանվել:

Մոտկորի տարածաշրջանի ամենամեծ գյուղը՝ Լորուտը, 1088 բնակիչ ունի: Գյուղի ապրուստի հիմնական միջոցը խոզաբուծությունն է, հողատարածքները խոտհարք են ծառայում: Այս վայրերում խոզաբուծությունը գյուղացիների համար պակաս դժվար եւ քիչ չարչարանք ենթադրող եկամտի աղբյուր է: «Կեր գրեթե չենք առնում, ձմռանը շիճուկով ենք պահում, ամռանն էլ անտառն է պահում, իրա ոտով գնում ու գալիս ա, մի խոզից էլ 50-60 կգ միս ենք ստանում»,- ասում է Լորուտ գյուղի բնակիչ Գ. Սահակյանը: Սակայն օգոստոս ամսին բռնկված աֆրիկյան ժանտախտը խառնել է գյուղացիների հաշվարկները. Լորուտում 1500 գլխաքանակից 17 օրվա ընթացքում՝ 182, իսկ հարեւան Մարցում 121 գլուխ խոզ անկվեց: Հենց այդ շրջանում էր, որ Լորուտ գյուղի երկու անասնաբույժները, համագյուղացիների հետ չթշնամանալու պատճառով, սեփական դիմումի համաձայն դուրս եկան աշխատանքից, իսկ Մարց համայնքի անասնաբույժը թոշակառու էր եւ ֆիզիկապես չէր կարողանում աշխատել: Երկար համոզելուց հետո լորուտցիներին հաջողվեց անասնաբույժներից մեկին վերադարձնել, իսկ Մարցում հաստիքը համալրեց անասնաբույծը: Անասնաբույժների պակասը մեծ խնդիր է ամբողջ Լոռու մարզի համար, 113 համայնքում ընդամենը 86 բժիշկ է աշխատում: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կառույցի պետ Համլետ Վիրաբյանը անասնաբույժների պակասը բացատրում է աշխատանքի ծանրությամբ եւ ցածր աշխատավարձով: Մեկ բժիշկը մեկից ավելի համայնքի է սպասարկում, որն ավելի է դժվարացնում աշխատանքը եւ լիարժեք վերահսկողություն չի ապահովում: «Անունով 50 հազար դրամ են տալիս, պահումները հանում ենք՝ 40 էլ չի գալիս, էդքան անասունի հետ գործ ունենալը հե՞շտ է, ճանապարհին ծախսած ժամանակն ու գումարը՝ էլ չեմ ասում»,- դժգոհում է երկու գյուղ սպասարկող անասնաբույժը: Հակառակն էլ է պատահում, մեծ անասնագլխաքանակ ունեցող գյուղերում երկու անասնաբույժի կարիք է զգացվում: Համլետ Վիրաբյանը պարզաբանում է. մեկ անասնաբույժը պետք է սպասարկի 700-800 գլուխ միայն խոշոր եղջերավոր կենդանի, մանր անասունների էլ 7-8 գլուխը 1 խոշոր է հաշվվում: Սա նշանակում է, որ անասնաբույժը առնվազն 500 տուն պետք է ելումուտ անի: «Անշնորհակալ աշխատանք է, հատկապես որեւէ հիվանդության բռնկման պայմաններում դժվար է համագյուղացիներին հասկացնել, որ միակ ելքը անասունին սպանդի ենթարկելն է, առաջին մեղավորը անասնաբույժն է մնում»,- ասաց պարոն Վիրաբյանը: Նա կարծում է, որ գյուղացիների պահվածքը տարիներով ձեւավորված մտածողության արդյունքն է: Ըստ մարզի գլխավոր անասնաբույժի, գյուղացիները տարիներով խոզ են պահել, բայց խոզաբուծությամբ զբաղվելու էթիկային ծանոթ չեն, չեն պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները, ժամանակին չեն կատարում հիվանդությունների դեմ պատվաստումները: Այս ամենը եւ տարածաշրջանի աշխարհագրական դիրքն են նպաստել, որ հատկապես օգոստոսին մեծ թափով ու կրկին աֆրիկյան ժանտախտ բռնկվի: «Օգոստոսին է սկսվում քոչուքոչը, կենդանիների շարժը՝ անտառային արոտավայրերից գյուղ բերելը: Սրանք հիվանդության տարածման առաջին պայմաններն են»,- պարզաբանեց Համլետ Վիրաբյանը: Լորուտ եւ Մարց համայնքներում 3 կմ շառավիղով կանխարգելման եւ 10 կմ շառավիղով վերահսկողության գոտի սահմանվեց, եւ հիվանդությունը չտարածվեց, վերջին 3-4 օրում իրավիճակը հանգիստ է, իսկ 5 օրերի ընթացքում միայն 8 գլուխ խոզ է անկվել, սակայն Համլետ Վիրաբյանը դա դեռեւս համաճարակի մարում չի համարում: 2007 թվականին, մինչ բռնկումը, մարզում խոզերի գլխաքանակը՝ 14 հազար 656 էր, 2008-ին՝ 5284, 2009-ին՝ 5965, 2010-ին՝ 9525: Ու մինչ վնաս կրած գյուղացիները վրդովվում են փոխհատուցում չստանալու համար եւ վկայակոչում ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 31-ի որոշումը՝ անասնահամաճարակների հետեւանքով գյուղատնտեսական անկումների եւ հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգի մասին, որտեղ նշված 6 հիվանդություններից մեկն էլ խոզերի աֆրիկյան ժանտախտն է, Համլետ Վիրաբյանը բացատրում է, որ կառավարությունը փոխհատուցում տալիս է, եթե բռնկումն առաջինն է եւ գյուղացիների չիմացության արդյունքում է վնաս պատճառվել: Օրինակ՝ այդպես էր 2007 թվականին: Անասնաբույժները գյուղացիներին ասել են, որ վարակից հետո հարկ է առնվազն 3-6 տարի ձեռնպահ մնալ անասնաբուծության այդ ճյուղով զբաղվելուց: Իսկ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը ասում է, որ Լոռու մարզպետի անունից դիմել են կառավարությանը՝ փոխհատուցման ակնկալիքով, հաշվի առնելով, որ խոզաբուծությունը տարածաշրջանի հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է: Այս տարածաշրջանում խոզապահությունը վերացնել՝ նշանակում է զրկվել եկամտի աղբյուրից: Վոլոդյա Բունիաթյանը ասաց, որ Լոռվա երիտասարդները գյուղակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում սովորելու հնարավորություն ունեն, ուսման վճարը կհոգա պետությունը, միայն թե մասնագետ դարձած երիտասարդը վերադառնա իր համայնք եւ աշխատի, սակայն երիտասարդներին անասնաբույժի մասնագիտությունը չի հետաքրքրում: Վոլոդյա Բունիաթյանը վստահ է, որ հայեցակարգի փոփոխություն է անհրաժեշտ այս շատ կարեւոր մասնագիտության հարցում, այլապես մի օր անասնաբույժ-մասնագետ ընդհանրապես չենք ունենա: «Մարդու բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը, կանխելով սննդի եւ կենդանիների միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններ»,- ասում է մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Երկիր մոլորակի օրը մեզ հետ…

Երկիր մոլորակի օրը մեզ հետ…

Այսօր ՝ ապրիլի 23-ին, երեկ կայացած «Երկիր մոլորակի օրվա» առթիվ, այցելեցինք Ուրցաձոր մի շատ հետաքրքրաշարժ բնապահպանական նախագծի մասնակցելու։ Շատ արագ որոշում կահացրի մասնակցել այս ճամփորդությանը եւ միանշանակ չափսոսացի։ Իսկ հիմա մանրամասն պատմեմ, թե ինչու։ Ճանապարհի մեծ մասը անցանք Արարատով հիանալով, նկարելով եւ ուղղակի հեռվից դիտելով։ Ճանապարհը վերջում բարդացավ եւ դժվարանցանելի վայրերով վերջապես հասանք մեր նշանակետին։ Երբ իջանք, նկատեցինք մի հսկայական լանջ, որտեղ չկային ծառեր եւ խիտ բնության։ Նաեւ կային մարդիկ, ովքեր հեռվից երեւում էր, որ փորում էին հողը։ Մի խոսքով, վերձրեցինք անհրաժեշտ բաները, պատրաստեցինք եւ բարձրացանք։ Արդեն երեւացին այդ մարդկանց փորած փոսերը, որոնք, իդեպ փորված էին հստակ հեռավորության հաշվարկներով։ Այդպես միանգամից ոգեւորված մտանք ծառատունկի գործընթացի մեջ, հագանք ձեռնոցները, վերցրեցինք ծառերի տնիկները եւ ինչպես կասենք մենք հայերով ՝ «ընկանք մեյդան»։ Սկսեցինք տնկել եւ ծածկել հողով։ Մի քանիսը տնկում էինք եւ հանգստանում։ Այդպե՜ս շարունակ։ Տնկեցինք տնկեցինք, հասկացանք, որ սոված ենք եւ գնացինք սնվելու։ Իրականում ճանապարհին արդեն հասցրել էինք սնվել, բայց դե արդեն բավականին ժամանակ էր անցել։ Սնվեցինք եւ վերադարձանք գործին, ինչից հետո հավաքվեցինք մեկտեղ եւ ընկեր Էմանուելը խոստացավ մեզ տանել մի գեղեցիկ վայր։ Սկսեցինք քայլել, բարձրանալ, իջնել։ Մի խոսքով այնքան, մինչեւ չհասանք հսկայական ճաղավանդակներով փակված մի վայր, որտեղ գիտե՞ք ինչ նկատեցինք։ Արջե՜ր։ Շատ էինք զարմացել, բայց նկատեցինք հեռվում երեւացող, երկու թմբլիկ արջերի։ Քայլեցինք առաջ եւ մեր առջեւ դուրս եկավ գեղեցիկ տեսարան եւ մի հրաշք շինություն, որը նաեւ հյուրանոց էր։ Հրաշալի տեսարանով մի վայր, որտեղ կարելի է ուղղակի վայելել բնությունը։ Այդպես այնտեղ թեյ/սուրճ խմեցինք, հանգստացանք, անգամ հասցրեցինք խաղեր խաղալ եւ դուրս եկանք։ Գնացինք դեպի ջերմոցներ, իսկ մեզ ուղղորդում էր, սկզբից ինձ շատ ծանոթ մի աղջիկ, ում, հետո պարզեցի, որ «Արեւորդու» ամփոփմանն էի հանդիպել։ Մի խոսքով Սոնան, ով ցույց տվեց ջերմոցները, պատմեց բույսերի, դրանց սերմերի, աճեցման ողջ գործընթացի մասին եւ իրականում հետաքրքիր ինֆորմացիա փոխանցեց։ Ապա ջերմոցներից դուրս եկանք եւ երեւի թե ամենահետաքրքիր պահն էր։ Գնացինք արջերին ավելի մոտիկից տեսնելու։ Հրա՜շք, անսպասելի էր։ Այնքա՜ն լավն էին։ Սոնան պատմեց նաեւ նրանց մասին։ Թե ինչպես են տարբեր վայրերից, տարբեր վատ պայմաններից փրկում այս հրաշք կենդանիներին։ Թե ինչքան բարդույթներ կան, եւ թե ինչպես են նրանց շատերը պահում անտանելի պայմաններում եւ “տանջում”։ Իրականում ցավալի էր լսել, սակայն ինչքան ուրախ ենք, որ այսպիսի մեծ ծրագրի շնորհիվ, փրկվում են տասնյակ այդպիսի արջեր։ Մի խոսքով, արջերին էլ տեսանք եւ շարժվեցինք։ Մի քիչ նկարվեցինք, ու ՝ դեպի տուն ճանապարհ։ Ընթացքում նորից կանգառ արեցինք, սակայն ճիշտ ժամանակին հասանք։ Օրը հետաքրքիր էր, հնարավորինս արդյունավետ եւ ինֆորմատիվ։ Արդյունավետ էր, քանի որ իրականում մեր մի փշուր ներդրումն ունեցանք բնապահպանական այդ հրաշալի նախագծի մեջ, իսկ ինֆորմատիվ էր, քանի որ հետ եկանք լիքը նոր տեղեկություններով։ Մի խոսքով, ընտիր օր։