2022 Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ…

2022 Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ…

2022 թվականի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսը։ Ինչպես բոլորս գիտենք, ստուգատեսի ընթացքում իրականացվելու են կլոր սեղաններ, հրավիրյալ մասնագետների հետ բաց քննարկումեր, Տիգրան Հայրապետյանական օրեր, ակումբային բաց պարապմունքներ, բանավեճեր, արտագնա պարապմունքներ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ և այլ հասարակական-քաղաքացիական նախաձեռնություններ։ Ստուգատեսը մեկնարկեցինք տիար Բլեյանի հետ զրույց-քննարկմամբ եւ, անկեղծ ասած, այս տարվա հասարակագիտական ստուգատեսի մեկնարկը ինձ շա՜տ դուր եկավ, այն անչափ հետաքրքիր էր, քանի որ քննարկման թեման արդիական էր՝ «Հայաստանի հանրապետությունն այսօր»։ Իրականում քննարկվող հարցերը տարատեսակ էին՝ Արցախյան շարժում, Հայաստանյան իրականություն, ռուս-ուկրաինական պատերազմ եւ այլ նման թեմաներ, սակայն մենք ծավալվեցինք ավելի շատ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Սովորողները սկսեցին տալ շա՜տ հարցեր տիար Բլեյանին՝ նշված պատերազմի վերաբերյալ։ Հնչող հարցերը տարբեր էին, օրինակ, «Ըստ Ձեզ, ինչքա՞ն դեռ կշարունակվի պատերազմը», «Ինչպիսի՞ ազդեցություն կթողնի այն Հայաստանի Հանրապետության վրա», մինչեւ «ՆԱՏՕ»-ի դիրքորոշման վերաբերյալ հարցեր…։ 

Տիարը դեռ ամենասկզբում նշեց, որ իր անհանգստությունը շատ բարձր է վերջին օրերին, եւ նա շատ լարված ու մտահոգված է ապրում ամեն մի ժամը։ Նա ամենայն ոգեւորությամբ, մանրամասնորեն տալիս էր պատասխաններ սովորողների հնչեցրած հարցերին, ուրախությամբ էր ընդունում  դրանք, անգամ այն դեպքում, երբ հակասում էին իր համոզմունքներին եւ տեսակետներին, նշելով, որ ինչպիսին էլ լինի կարծիքը, կարեւորն այն է, որ այն քոնն է։ Իմ հարցը այդքան էլ մերօրյա չէր, սակայն մեջս տպավորվել էր իր հարցազրույցերից մեկից։ Երբ հաղորդավար/լրագրողը ընթերցեց Արայիկ Հարությունյանի նամակը՝ ուղղված Վլադիմիր Պուտինին՝ պատերազմը կանխելու նպատակով, տիարի արձագանքը բացահայտ կասկածանքներ առաջացնող էր՝ նամակի բովանդակության վերաբերյալ։ Տպավորություն ստեղծվեց, որ դրա ներածությունը, ըստ նրա, համապատասխան կամ հստակ չէր ձևակերպված։ Հենց այդ հարցն էլ ուղղեցի տիարին, թե ինչը, ըստ իրեն, այն չէր նամակի բովանդակության մեջ, եւ  ինչպիսին պետք է լիներ։ Տիարը նշեց,, որ իրականում համաձայն էր նամակի բովանդակության հետ եւ երկար բացատրեց, ներկայացրեց իր դիրքորոշումն ու տեսակետը։ Պատասխանը միանգամայն ինձ բավարարեց։ 

Հնչեցին նաև այլ հարցեր։ Իր խոսքի ընթացքում, ինչպիսի բովանդակություն էլ ունենար հարցը, նա պարտադիր նշում էր, որ «պատերազմը ցանկացած դեպքում հարկավոր է բացառել եւ ամեն կերպ այն կանխել»։ Բոլորս էլ, իհարկե, համաձայն էինք հնչած մտքի հետ, այնուամենայնիվ, մի բան պարզ է, որ պատերազմը կանխելու համար հարկավոր են հստակ գործողություններ, որոնք չնշվեցին։ Հանդիպումը բոլորիս համար ինֆորմատիվ էր, եւ մենք ստացանք մեր հարցերի պատասխանները, ինչպես նաեւ ունեցանք բավականին հետաքրքիր քննարկում։ Մենք ունեցանք հասարակագիտական ստուգատեսի լավագույն մեկնարկ, իսկ առջեւում դեռ մի ամբողջ ամիս ստուգատեսային է, որի ընթացքում դեռ բազմաթիվ այսպիսի հետաքրքիր, արդյունավետ քննարկումներ կունենանք եւ, իհարկե, բազում ինֆորմատիվ հանդիպումներ…։

Թողնել մեկնաբանություն