«Հասարակագիտական ստուգատես 2023»-ի մեկնարկ. զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ

«Հասարակագիտական ստուգատես 2023»-ի մեկնարկ. զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ

Ինչպես գիտեք, 2023-ի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց2023-ի հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսը, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ հանդիպմամբ։ Նախ նշեմ, որ տուգատեսը մեզ՝ սովորողներիս համար նոր վստահության, նոր նախաձեռնությունների, ինքնադրսևորման նոր հարթակ է, որի շնորհիվ մեզ սպասում են նոր բացահայտումներ, հետաքրքիր այցեր, նոր հանդիպումներ, քննարկումներ, ուսումնասիրություններ, արտագնա պարապմունքներ, ճամփորդություններ և այլն…։ Այսօրվա կլոր սեղանը հետևյալ թեմայի շուրջ էր՝ «Մեր փորձը և կրթական համակարգի մարտահրավերները»։ Յուրաքանչյուր սովորող, լինելով կրթահամալիրի սան, իր պարտքն էր համարել տիարին ուղղել իր մոտ ծագած հարցերը՝ դրանց միջոցով փորձելով ավելի լավ հասկանալու մեր կրթական համակարգը։ Ես նույնպես ունեի բազում հարցեր և անհամբեր սպասել էի հանդիպմանը, որպեսզի կարողանամ հարցերս բարձրացնել․․․առաջինն էլ հենց ես սկսեցի։ Հարցիս բովանդակությունը կարող եք տեսնել կլոր սեղանի նախապատրաստական աշխատանքիս մեջ։ Տիարը, որպես իմ բարձրաձայնած խնդրի լուծում, տեսնում էր մեր՝ սովորողներիս նախաձեռնությունը այդ հարցում։ Նա շեշտեց և մեզ հավաստիացրեց, որ ինքը մեր գլխավոր աջակիցն է յուրաքաչնյուր հարցում, մեր յուրաքանչյուր նախաձեռնության մեջ։ Բավարարված էի հարցիս պատասխանով, իսկ հարցերը շարունակվում էին։ Բարձրացվեց Արատեսի անդադար հոսող ջրերի հարցը, ինչպես նաև այլ հարցեր կրթահամալիրի կառավարման և այլ գործոնների մասին։ Բոլորս շատ գոհ էինք մեր ստացած պատասխաններից։ Բարձրացվեց նաև քննությունների բազմակողմ հարցը, որին տիար Բլեյանն արձագանքեց այնպես, ինչպես միշտ՝ նա դեմ է ցանկացած տեսակի քննություններին և կողմ սովորողի անձնական ընտրությանը։ Շատ դիպուկ պատասխաններ էին, սակայն ընթացքում քննության վերաբերյալ թեման ավելի ու ավելի ծավալվեց և խորացավ՝ արդյունքում դառնալով խառնաշփոթ քննարկում, որից տիարը հետևություն արեց, որ այդ հարցը մեզ այնքան է անհանգստացրել, որ արդեն կուրացրել է։ Իրականում իր խոսքերի մեջ ճշմարտություն կար…։  Սակայն կլոր սեղանը շարունակվեց ու ավարտվեց դրական նոտայով, երբ ես ու իմ ընկերները բարձրաձայնեցինք նաև կրթական տարբեր համակարգերի բախման վերաբերյալ մի շարք այլ հարցեր։ Քննարկման վերջում մենք զրուցեցինք նաև Եվրոպական դպրոցների և բուհերի կրթական համակարգերի մասին, որով էլ ավարտեցինք հանդիպումը։ Բոլորս գոհ էինք, ոգևորված և կրթահամալիրում ամեն մեկս մեր, թեկուզ փոքր ներդրումն ունենալու վճռական ոգով լցված։ Շնորհակալություն տիար Բլեյանին այս ինֆորմատիվ հանդիպման համար։

Թողնել մեկնաբանություն