Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում

Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում

Կրթահամալիրի օրացույցով մարտի 18-ը հայ քաղաքագետ, միջազգայնագետ, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է, որը հասարակագիտական ստուգատեսի կարևորագույն մաս է կազմում։ Այս տարի լրացավ նրա 60 ամյակը: Ամեն տարի կրթահանալիրում մարտի 18-ին ընդառաջ սկսվում են Տիգրան Հայրապետյանական օրեր, որի շրջանակում իրականացվում են մի շարք հասարակագիտական-ստուգատեսային նախագծեր։

Տիգրան Հայրապետյանի օրը սկսեցինք նրա շիրիմին այցելությամբ, խնկարկումով, ներկա էին Տիգրանի կինը, ընկերներ, կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ և վարժարանի սովորողներ։ Այցը զգացմունքային էր, հուզիչ: Տիգրանի կինը` Նազենի Ղարիբյանը, մի քանի խոսքով նկարագրեց Տիգրանին, իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց կրթահամալիրին և իր ուրախությունը՝ Հայրապետյանական գաղափարների տարածման, դրանց հանդեպ սիրո զարգացման և ողջ գործունեության թողած ծիլերը զարգացնելու համար, որոնք օրեցօր շատանում են և աճում: 

Ըստ ծրագրի` օրը շարունակվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում հիշատակի աղոթքով: Այնուհետև սեբաստացիական մեծ համայնքով հավաքվեցինք կրթահամալիրի կենտրոնում, որտեղ կլոր սեղանի տեսքով ներկայացվեց հասարակագիտական ստուգատեսի և Տիգրան Հայրապետյանական օրերի նախաձեռնությունների արդյունքները։ Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Բլեյանը, այնուհետև վոկալի ընտրությամբ գործունեության խումբը ներկայացավ հետաքրքիր երաժշտական կատարմամբ, ապա երգչախմբի կատարմամբ՝ որպես համերգ-շնորհակալություն Տիգրան Հայրապետյանին։ Այս ամենից հետո հասարակագիտական մասնախմբի ղեկավար, հասարակագիտական ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյանը ներկայագրեց ստուգատեսային և հայրապետյանական օրացույցը, դրանց շրջանակում իրականացված աշխատանքները, ապա Միջին և Ավագ դպրոցների մի խումբ սովորողներ ներկայացան Տիգրան Հայրապետյանի նոր գրքի հոդվածների վերլուծություններով, որի ընթացքում լսեցինք տարատեսակ հետաքրքիր մտքեր, գաղափարներ ու մոտեցումներ։ Ինձ դուր եկավ նաև ընկեր Վարդանի և վարժարանի երկու սովորողի այցելությունը Տիգրան Հայրապետյանի մայրիկին, որը կարևոր ու գնահատելի նախաձեռնություն է, արժանի գնահատական Ֆրիդա մայրիկին։ 

Կլոր սեղանն ամփոփվեց ամենամյա մրցանակաբաշխությամբ, և այս տարի «Տիգրան Հայրապետյան» անվանական մրցանակ ստացան մեր շատ սիրելի հասարակագետ-դասավանդող Արմեն Ոսկանյանը և սեբաստացի երկու սովորող` Քոլեջի ուսանողուհի Քնարա Հովհաննիսյանը և վարժարանի սովորող Մկրտիչ Պապիկյանը: Ջերմ ծափահարությունների ներքո ևս մեկ անգամ հրաշալի խոսքով հանդես եկավ Նազելի Ղարիբյանը, իսկ օրն ավարտվեց սեբաստացիական հյուրասիրությամբ ու հաճելի տպավորություններով:

Կլոր սեղանից հատված կարող եք տեսնել այստեղ:

Թողնել մեկնաբանություն