Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում | «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդես…

Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում | «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդես…

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը։ Քննարկումը վարում էր «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, իսկ բանախոսներն էին՝ քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազելի Ղարիբյանը։ Բանախոսները խոսեցին Արևելագիտության ֆակուլտետի երկու շրջանավարտների՝ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի և դիվանագետ Արմեն Խարազյանի, նրանց կյանքի, գործունեության, թողած ժառանգության մասին։ Հավաքին ներկա էին դասախոսներ, պատգամավորներ, Արևելագիտական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, ուսանողներ, Տիգրան Հայրապետյանի ընկերներ, ինչպես նաև մենք՝ սեբաստացիներս, սովորող-դասավանդողների 30 հոգանոց խմբով։ Քննարկման վերջում հանդես եկանք նաև մենք՝ մեր խոսքով, երգով, հաց ու գինով։

«Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Հախվերդյանին»։ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներին դիմեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Պարզած բազմաթիվ ձեռքեր տեսնելով ասաց, որ Տիգրան Հայրապետյանը քաղաքագիտության Ռուբեն Հախվերդյանն է։ «Տիգրան Հայրապետյանը ստեղծել է քաղաքագիտության հայերեն լեզուն, որը միաժամանակ շատ պարզ է, բայց ոչ՝ պարզունակ, էլեգանտ է, բայց ոչ՝ քաղքենի, գիտական է, բայց ոչ՝ բարդ, եւ, որ ամենակարեւորն է, Տիգրանի մեծությունը նրանում է, որ մինչեւ հիմա ակտուալ է։ Որոշակի առումով նա նաեւ վունդերկինդ է եղել, որովհետեւ 29 տարեկանում ճշգրտորեն կանխատեսել, թե ինչ կլինի Հայաստանի հետ 30 տարի հետո, դրանում մի բան կա»։

Լրագրող, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի երրորդ՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը արեւելագիտության ֆակուլտետում էր, որովհետեւ նախաձեռնողների բնորոշմամբ՝ հենց «արեւելագիտականի» սերունդն է 1980-ականներին ձեւավորել քաղաքագիտական եւ դիվանագիտական նոր մշակույթ։

Հանդիպումը հիացնող էր։ Քննարկումը շատ հետաքրքրեց, ոչ մի վայրկյան չձանձրացրեց, քանի որ քննարկվում էին իրական փաստեր՝ Հայրապետյանի մասին։ Ողջ վարողների խոսքը հստակ էր, ճշգրիտ։ Անխտիր բոլոր մտքերի հետ համաձայն էի։ Հանդիպումը ստացվեց հաջողված, հետաքրքիր և արդյունավետ։ Միանշանակ հանդիպումից նոր տեղեկություններ բացահայտեցի ինքս ինձ համար։ Նոր գիտելիքներ ձեռք բերեցի ուսման, կրթության, ինչու ոչ՝ մեր մշակույթի, քաղաքագիտության և իհարկե ՝ Տիգրան Հայրապետյանի մասին։

Թողնել մեկնաբանություն