Կարդում ենք Սասունցի Դավիթ էպոսը, նախագիծ՝ պատմում և վերլուծում եմ 3-4-րդ գլուխները

Կարդում ենք Սասունցի Դավիթ էպոսը, նախագիծ՝ պատմում և վերլուծում եմ 3-4-րդ գլուխները

3-րդ գլուխը սկսվում է Սասնա Մհերի, Մըսրա Մելիքի կռվից: Նրանք այնքան ուժեղ էին, որ հողը նրանց կռվի ժամանակ փորվում էր՝ կարծես գութանը փորեր: Մարդկանց մի մասը լսելով կռվի ձայնը՝ ասում էր, որ ամպեր են գոռգոռում, կեսն էլ ասում էր, որ երկրաշարժ է սարերում: Նրանց կռվից աշխարհը դողդողում էր: Գնում, գալիս իրար էին զարկում ահռելի ուժով: Առավոտ, գիշեր կռվեցին: Մհերը ուժեղ էր, Մելիքը՝ խորամանակ, և Մելիքը երբ տեսավ, որ չի հաղթի Մհերին, քանի որ Մհերը շա՜տ ուժեղ է, ասաց Մհերին՝
— Սասնա Մհեր, արի մենք մի պայման կապենք։
Մհերնել պատասխանեց.
-Ես կասեի ամբողջ աշխարքին, որ ինձանից ուժեղ մարդ չկա, բայց ես ու դու  չկարողացանք իրար հաղթել։
Մսրա Մելիքն էլ ասաց.
-Ինչքան պարտք ու պահանջ կա՝ բոլորը քեզ,
Ամեն ինչ քեզ եմ տալիս ։
Էլ Սասունն ինձ հարկատու չի:
Քոնն են Սասունի բոլոր հողերը,
Գնա, կե՛ր, խմի՛, վայելի՛։
Բայց որ կռվի ժամանակը գա՝ մենք իրար թշնամի չլինենք:

Ասաց Մելիքը.
— Եթե ես մեռնեմ՝
Իմ թագուհուն ու երեխաներին կհանձնեմ քեզ,
Եթե դո՛ւ մեռար՝ քո թագուհուն ու երեխաներին հանձնի մեզ։
Որ ուրիշը չասի՝ որբ են մնացել։

Մի լավ կռվեցին, մատները կտրեցին, արուն արնի խառնեցին, պայման դրեցին, դարձան երբայրներ։
Բայց Մըսրա Մելիքը այս ամենը մաքուր սրտով չասաց,
Այլ Մհերից վախեցավ և կեղծավորվեց։

Էպոսը

3   

Առավոտուն Սասնա Մհեր
Գընաց, էնոր դեմը կայնավ։
Սասնա Մհեր, Մըսրա Մելիք
Իրար դեմ ըսկսան կռվել…
Հո՛ղը էնոնց ոտքերու տակը կը հերկեր.
Ասես՝ գութնի՛ պես կը հերկեր։
Կես կասեին.— «Ամպեր են որ կը գոռգոռան».
Կես կասեին. — «Երկրաշարժեն սարե՛ր բլան»։
Էդոնց զարկ-զարկոցից աշխա՛րք կը դողդողար

Ամեն մեկի գուրզն էր իրեք հարիր լիդրից.
Գուրզեր առա՛ն, տվի՛ն, զարկի՛ն մեկ-մեկէլի.
Հա՜ր գնացի՛ն, էկա՛ն, զարկի՛ն մեկ-մեկէլի,
Իրեք ցերեկ, իրեք գիշեր կռվան
Ու չըկարցան հաղթեն իրար։
Էն ինչ Մհե՛րն էր, ուժով էր,
Էն ինչ Մըսրա Մելիքն էր՝ խորամանկ էր, ֆանդով էր։

Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի.
Տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է.
Ասաց.— Սասնա Մհեր,
Քելե մենք մի պայման կապենք։
Ասաց.— Ես կասեի՝ մեջ աշխարքին
Ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝
Ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։
Ասաց,— Ինչքան խարջ կա ձեզի՝
Ամեն ես քեզի բաշխեցի։
Էլ Սասունն ինձ խարջադար չի.
Քոնն են Սասնա ամեն հողեր,
Գընա, կե՛ր, խրմի՛, վայելե՛։
Մենակ՝ կռվի վախտ որ ըլի՝
Մենք իրարու պառեկ ըլնինք։

Ասաց.— Թե ես մեռնեմ՝
Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.
Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։
Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։
Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,
Պայման դրին, էղան աղբեր։
Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց.
Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։

 

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ: Նադեր Էբրահիմի

 

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի եւ մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավոոեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներէն, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը