Էքզիստենցիալիզմը և իմ ընկալումը տվյալ գաղափարի վերաբերյալ…

Էքզիստենցիալիզմը և իմ ընկալումը տվյալ գաղափարի վերաբերյալ…

Էքզիստենցիալիզմը գոյության փիլիսոփայություն է, կամ ինչպես ասում են  գոյութենապաշտություն ։ Գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական և աթեիստական միտումներով տարածված հոսանք է և ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը։ Այն ձևավորվել է 20-րդ դարի  սկզբներին։ Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ։ Էքզիստենցիալիզմի կենտրոնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը։ Մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև այլ մարդկանց համար։ Մարդը բացահայտելով իրեն, բացահայտում է այլ մարդկանց և դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է։ Այլ մարդիկ անհրաժեշտ են անձի գոյության և ինքնաճանաչության համար։ Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված։ Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության։ Դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան։ Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ։ Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով։ «Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։

Լավ, էքզիստենցիալիզմ հասկացությունը ընկալեցինք, իսկ հիմա, փորձեմ ներկայացնել իմ տեսանկյունը՝ ըստ էքզիստենցիալիստական գաղափարների։ Իսկ ի՞նչ, եթե ասեմ, որ կարծում եմ, որ չեմ պատկանում էքզիստենցիալիզմի երկու ուղղություններից և ոչ մեկին։ Հիմա կասեք, թե իսկ ի՞նչ պարտադիր էր որ մեկին “պատկանել”։ Դե չէ, պարտադիր չէր, բնականաբար, իսկ ինչ եթե ասեմ, որ թվում է, թե պետք է լինի որևէ միջին ուղղություն/ճյուղ, որին կհամապատասխանեն, կդասեն և կպատկանեն ինձ պես մարդիկ։ Հիմա բացատրեմ։ Լինելով քրիստոնյա ես իհարկե մեծամասամբ կողմ եմ կրոնական էքզիստենցիալիզմին։ Սակայն մի կողմից էլ “աթեիստական”։ Ինչո՞վ։ Մի գաղափարով, որն ըստ իս համապատասխան է նաև կրոնականին։ Համաձայն եմ, որ մեր կյանքը ամբողջովին մեր ձեռքերում է, համաձայն եմ, որ մենք ինքներս մեր “նախագիծն ենք”, դրա հեղինակն ենք և մեր որոշումների արդյունքում է մեր կյանքում կատարվում այս կամ այն և ըստ մեր քայլերի ունենում տարբեր հետևանքներ։ Եվ այնուամենայնիվ համաձայն չեմ կրոնական ուղղության մեջ առկա մի գաղափարի հետ, որն ասում է, թե Աստված ունի ուղղիղ ներկայություն մեր կյանքի, գործերի, արարքների մեջ և երբեմն անգամ մեջբերվում է “ճակատագիր” ասված գաղափարը, որն իհարկե ըստ հայտնի ընկալման ստեղծվել է Աստծու կողմից։ Այսինքն, կրոնական ուղղության մեջ կա նաև մի այսպիսի ընկալում, որ Աստված է կառուցում մեր կյանքը և նա կանխավ որոշել է, թե մեր կյանքը ինչպիսին կլինի, անկախ մեր ազատությունից և ազատ ընտրության հնարավորությունից և կամքից։ Ո’չ։ Ինչպես կարծում եմ ակնհայտ էր, դեմ եմ “ճակատագրի” նման ցանկացած գաղափարների։ Աստված երբեք ոչ ոքիս համար չի որոշում մի ճանապարհմ ըստ որի մեր կյանքը պետք է կազմվի։ Նա չի ստեղծում մեզ ճակատագիր։ Նա գիտի ողջ ապագան, բայց դրա մասին ուղղակի իմանալուց զատ նա չունի մեր կյանքում ուղղիղ ներկայություն, քանի որ նա տալիս է մեզ ազատ կամք և ցանկացած ընտրություն կատարելու հնարավորություն, ըստ որի, մենք կարող ենք որոշում կայացնել մեր կյանքն ապրել ցանկացած կերպ, և մեր ողջ որոշումներն ու արարքներն ունենալու են իրենց արժանի հետևանքները։ Մենք ենք որոշում գնա՞լ այս քայլին, թե՞ ոչ, գիտակցաբար՝ իմանալով հետևանքները, թե ոչ, մեկ է, մենք ենք որոշում։ Այնուամենայնիվ Աստված մեզ տալիս է հնարավորություն իմանալու իր խոսքի մասին, սովորելու, կարդալու և իհարկե ուսումնասիրելու այն, ինչպես նաև թույլ տալու, որ միայն դրա շնորհիվ նա ունենա իր ներկայությունը մեր կյանքում։ Նա հնարավորություն է տալիս հասկանալու իր օրենքներն ու սկզբունքները և նորից, ընտրելու՝ ապրե՞լ ըստ դրանք, թե՞ ոչ։ Եվ արդեն համապատասխան կրոնական ուղղության գաղափարի «մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է»։ Մեր ընտրությունը տեղի է ունենում Աստծու առջև և էլի, մենք ենք որոշում, որոշման հնարավորություն ունենում իմանալով Աստծու օրենքներն ու սկզբունքները, թե օրինակ, որոնց ենթարկվենք և որոնց՝ ոչ։ Մենք ենք որոշում ապրել ըստ դրանց, թե ոչ։ Մի խոսքով, տեսակետս հետևյալն է՝ մենք ունենք ազատ կամք, ցանկացած որոշում կայացնելու համար և Աստված կարող է մեզ ուղղություն տալ միայն իր խոսքով ցույց տալով ճշտի և սխալի տարբերակման կերպ, ըստ որի մենք կորոշենք ընդունե՞լ ճշտի և սխալի վերաբերյալ տարբերակման այդ ողջ սկզբունքները և ապրել դրանցով, թե՞ ոչ։ Արդյունքում մենք կրում ենք և կրելու ենք մեր ցանկացած արածի, գործածի հետևանքը, լինի դա լավը, թե վատը, լինի դա Աստծու սկզբունքներով կատարված, թե՝ ոչ։