«Սաոդաջի» հասկացության ընկալման պակասը մեր մեջ…

«Սաոդաջի» հասկացության ընկալման պակասը մեր մեջ…

Սաոդաջին (порт. saudade), և ռուսերեն саудаде-ն մի հետաքրքիր բառ է, հասկացություն պորտուգալերենում, որն, ըստ իս, պակասում է մեր լեզվում։ Ինչո՞ւ, քանի որ այս հասկացությունը հնարավորինս համապատասխան է հենց մեզ, մեր ժողովրդին, մեր հասարակությանը։ Դե, սկզբում փորձեմ “սահմանել” տվյալ հասկացությունը և բացատրել, թե վերջի վերջո ի՞նչ է այդ “սաոդաջին”։ Ինչպես արդեն նշեցի, այն պորտուգալերենից առաջ եկած մի բառ է, որի բուն իմաստը կայանում է կարոտ բառի ալտերնատիվ տարբերակի մեջ, որն ունի բացասական ընկալունակություն, բացատրվում է ինչպես «Тоска по ушедшему. В более узком смысле — эмоциональное состояние, которое можно описать как сложное сочетание светлой  печали,  ностальгии по утраченному, тоске по неосуществимому и ощущения бренности счастья»։ Կարճ ասած կարոտի բացասական դրսևորման վերաբերյալ ստեղծված առանձին հասկացություն է։ Ի տարբերություն մեզ, մի ազգի, ով ունի ընդամենը մեկ բառ՝ կարոտ, ի դեպ, դրական բառ, որն այնուամենայնիվ ձեռք է բերել և ընկալվել մեր կողմից, որպես բացասական բառ, բացասական զգացողություն, բացասական զգացմունք պարգևող մի բան, ցավ, կապվածություն, ափսոսանք, կորցրածի համար տանջանք, որևէ բան հետ բերելու մեծ ցավոտ իղձ և ցանկություն, և այլ սահմանումներ… և այո, բոլորը բացասական։ Մի խոսքով, կարոտը մեզ համար ասոցացվում է և մեր կողմից սահմանվում ինչպես բացասական զգացմունք։ Կարծում եմ բարդ չէ հասկանալ, թե ինչու է այդպես։ Դե, այդպես է, քանի որ մենք միշտ կորցնող ազգ ենք եղել։ Ողջ մեր պատմության մեջ դիմակայել ենք և բախվել անարդարության բոլորի կողմից, և անգամ մեր ազգի կողմից, որից դուրս են եկել հազարավոր դավաճաններ։ Միշտ պատերազմել ենք, կորցրել, կորցրել, կորցրե՜լ…։ Կորուստներից իհարկե կարոտել, ուզել հետ բերել։ Մարդիկ կորցրել են տներ, իրենց ունեցվածքը, ընտանիքը, իրենց հողերը։ Կորցրել ենք տարածքներ, մարդկանց, ցավ ապրել, տառապել։ Անցել մի առավել տառապալի երևույթի միջով ՝ “եղեռնի” միջով, նորից տառապել։ Անդադար կրել ենք բարոյական հաղթանակներ և թվում է, որ մեր պատմության մեջ դրականը տեսանելի չի, կարծես անգամ չկա։ Ահա մեր պատմության էությունը։ Անվերջ բացասական, և այդպիսով էլ, ինչքան էլ ցավալի է, սակայն բոլորիս համար տեսանելի փաստ։ Մենք կարոտը բացասականով ընկալող ազգ ենք։ Սակայն գիտեք, ցավալին դեռ այն չէ, որ կա այսպիսի փաստ, ցավալին այն է, որ սրա մասին լսեցնող չկա, ի՞նչ լսեցնող, ուղղակի խոսող էլ չկա, բացատրող, հայտարարող, հասկացնող։ Չկա, ոչ ոք չի գիտակցում, որ այսպես ապրելն այնքան… սխա՞լ է, վա՞տ և որ ընդամենը մեկ բառի այդպիսի ընկալումը այնքան մեծ բան է, այնքան բան է խոսում մեր էության մասին, մեր վերաբերմունքի, ով լինելու…։ Եվ պե’տք է, պետք է խոսվի սրա մասին, բացատրվի, վերջի վերջո “հակադեղ” հայտնաբերվի… և ինչքան ուրիշ կլինենք, երբ գա մի օր, որ այսքան ցավով լի ազգ չլինենք։