Բառարանային ֆլեշմոբ

Բառարանային ֆլեշմոբ

  1. Դուրս գրեք բառարաններից բառեր, որոնց բացատրությունը ձեզ համար նորություն էր, չգիտեիք:
  2. Բառարաններից դուրս գրեք բառեր, որոնց բացատրությունը ձեզ հետաքրքրեց և զարմացրեց:
  3. Ստուգաբանեք ձեզ հետաքրքրող ազգանուններն ու անունները:
    Իգական անուններ
    Դժխոյ- թագուհի
    Եսթեր- աստղ
    Եպրակսի- բարեբախտություն
    Էմմա- ճարտար
    Թերեզ- կոտոշե ականջներ կրող
    Հռիփսիմե- զոհված
    Նեկտար- հույս
    Մարալ- եղնիկ
    Մելինե- հացի ծառ
    Պերթա- փայլուն

    Ազգանուններ
    շջ

  4. Կազմեք թումանյանական, չարենցյան, տերյանական՝ ձեզ անհասկանալի բառերի բառարան:

Կարող եք օգտվել հետևյալ բառարաններից.

Արդի հայերենի բացատրական բառարան
Հայոց ազգանունների բառարան
Արական անձնանուններ
Իգական անձնանուններ
Հայոց անձնանուններ
Օտար բառերի բառարան
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան:

Լրացուցիչ կրթություն

Գուրգեն Մահարի՝ նախաբան և մուտք (հատված «Մանկություն» վեպից)

1. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

2. Կարդալ հատվածները և գրել կարծիքը կարդացածի վերաբերյալ՝ հիմնավորելով:

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

ճի՞շտ է, որ մարդիկ այն ժամանակ են սկսում մտածել իրենց մանկության մասին և հուզվել նրանով, երբ ծերացած են լինում… Չեմ կարծում։ Ես միշտ էլ հուզվել եմ իմ մանկության հիշողություններով, միշտ մտածել եմ այդ երազային օրերի մասին և հիմա, երբ դեռ երիտասարդ եմ, ուզում եմ գրել այդ, նորից կրկնենք, երազային օրերի մասին։
Տարիները աղոտել են շատ բան. օ , այո, շատ գծեր են ջնջվել և շատ պայծառ դեմքեր մշուշվել։ Ես ուզում եմ փրկել մնացածն ու հնարավորը իմ մանկության խորասուզվող ոսկե մակույկից։
Մի ժամանակ ես մտքիս մեջ դուրս էի գալիս մեր տնից և ուզած ուղղությամբ գնում էի Աճեմ Խաչոյենց տուն, կամ Սահակ — բեյի փոսը։ Ես մանրամասն պատկերացնում էի յուրաքանչյուր տունն ու ծառը, յուրաքանչյուր փողոցի ճյուղավորումներն ու նրանց հեռուն։
Զմփ — զմփ մաղարան տեսնում էի ափիս մեջ, Համուդ- աղայի ղշլան` ինչպես սեղանիս վրա դրված ահա այս թանաքամանը, հիմա ես շատ բան եմ շփոթում, ու շատ գծեր են մթնել հիշողությանս կապույտ քարտեզի վրա…
…Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարավորը։ Հիշել եմ ուզում, վերհիշել և գրել, գրել հեշտ և թեթև, գրել և զգալ, որ քունքերս խփում են ներքին հուզմունքից, գրել անմշուշ, պայծա՞ռ, պայծա՞ռ, այն քաղաքի երկնքի նման, ծովի կապույտի նման, այգեստանների կանաչի ու լուսնկա գիշերների խորության նման։
Գրել։

1. ՄՈԻՏՔ

Առաջին բանը, որ ես հիշում եմ, մորս թանաքոտած ստինքներն են։ Ես չեմ հիշում, թե ինչպես այն ժամանակ մայրս պատճառաբանեց իր այդ անթույլատրելի քայլը, չեմ հիշում և այն, թե ինձ բավարարեցի՞ն նրա բերած փաստարկումները , թե ոչ… բայց հետագայում , երբ ես մեծացա, ականատես եղա փոքր եղբայրներիս նմանօրինակ ճակատագրին, պարզվեց, որ այդ մայրական ներկարարությունն անհրաժեշտ մի ակտ էր, որպեսզի արդեն որոշ տարիքի հասած և դեռ մայրական կաթի վրա համառող երեխաներին հիասթափեցնեն կաթի աղբյուրներից։ Այս, ըստ երևույթին, մեղմ, դիվանագիտական միջոցը, սակայն, ինձ վրա պետք է որ ահռելի տպավորություն թողած լինի,— ահա թե ինչո՛ւ դա դարձավ իմ առաջին հիշողությունը։
Սակայն այդպես չպատահեց փոքր եղբորս հետ, երբ մայրս նրա համար թանաքոտեց իր ստինքները և համապատասխան կոմենտարիաներով ներկայացրեց նրան («էլ չուտես, չուտես, փի՛ս ի, փի՛ս» ), նա առանց այլևայլության հարձակվեց ստինքներից մեկի վրա և շրթունքներով բռնեց։ Սրա արդյունքն եղավ այն, որ մեր հիմարիկի շրթունքները թանաքոտվեցին։
Այն ժամանակ ես մտքիս մեջ նրան անգիտակից և անխելք համարեցի, որ չկարողացավ ինձ նման ըմբռնել րոպեի լրջությունը և հրաժարվել կաթից։
Բայց հետագայում, երբ նա մեծացավ և դարձավ հանդուգն կոմերիտական, ես հասկացա, որ նա` փոքր եղբայրս, ոչ թե չհասկացավ պատահածը օ, ոչ, նա պարզապես դրանով ուզեց ասել «Չես վախեցնի ինձ քո ներկերով, ես կաթ եմ ուզում և պիտի ուտեմ…»։
Մորս թանաքոտած ստինքներից հետո ինձ համար բացվեց մի նոր շրջան, և ես սկսեցի ունենալ կոնկրետ և յուրատեսակ պատկերացում ինձ շրջապատող մարդկանց և իրերի մասին։

Գրել մի հիշողություն ձեր մանկությունից