Հատվածներ Հովհաննես Թումանյանի նամակներից…

Հատվածներ Հովհաննես Թումանյանի նամակներից…

1.Ըստ տրված հատվածների բնութագրիր Հովհ. Թումանյանին:

Ծերության օրերում ես էլ հրապուրվել եմ կամ թեկուզ սիրահարվել, բայց սա զուտ ճաշակի զմայլմունք է և… էհ, ուրիշ ի՞նչ անենք: Հետո ի՞նչ դուրս կգա, չգիտեմ, միայն առայժմ մի քանի ոտանավոր են դուրս եկել:

Այս նամակի մեջ Հովհաննես Թումանյանը ցանկանում էր ասել, որ բոլոր տարիքում էլ սիրահարվել է, հրապուրվել… Բայց միշտ իր ընտանիքին հավատարիմ է մնացել, իսկ այդ զգացմունքները միայն եղել են նոր ստեղծագործություններ գրելու ոգեշնչում:

*******

Կինը էական նշանակություն ունի մարդու  վրա, մանավանդ զգայուն մարդու վրա: Երբ որ մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում, երբ որ մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց  մաշող պայքարի հանդես և դժբախտության  աղբյուր: <<Բայց մուկը ո՞վ, թռլոնը ո՞վ, որ իրար հետ ապրեն սիրով>>:

*******

Մեր կանանցից մարդ չի դուրս գալ, և մենք միշտ չկերած` կկշտանանք, ախորժակդ այնպես կփակեն, որ երբեք քաղց չզգաս, գնաս ու որձկալով ման գաս: Բայց ախար մարդ միշտ ունի մի քնքուշ էակի հետ գեղեցիկ-գեղարվեստական կապերով կապված լինելու կարոտը, երազային կյանքով երբեմն ապրելու տենչը: Եվ անշուշտ դու համաձայն ես, որ այս ավելի օրինավոր ու ընդունելի կապ է, քան թեկուզ վանքի եկեղեցում կատարված և մետրիքական մատյան մուծած ամուսնական կապը: Այս էլ կյանքի ամենախախուտ կողմերից մինն է` մարդիկ առհասարակ դժգոհ են, կնշանակի` էսպես չպիտի լինի: Ուրիշ տեսակ պետք է կարգադրվի, թե չէ բոլորս անբախտ ենք, և ամուսնացածներ, և ամուրիներ… Երևի բոլոր անասուններն այդ կողմից մեզնից ավելի են բախտավոր: Նրանք և ազատ են, և… ժուժկալ: Մենք կարծում ենք, ազատությունը կվնասի: Մենք միշտ վախենում ենք ազատությունից, այնինչ բոլորս կուզենայինք, որ ազատ լինեինք… Այսպես, չգիտենք, ընչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք – տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:

Հովհաննես Թումանյանի կարծիքով ամուսնությունը չպետք է որոշվի փաստաթղթերով կամ հարսանիքով, այլ չէ՞ որ ամենակարևորը սերն է: Այդ ամեն ինչը անցողիկ  և փուչ բաներ են, իսկ սերը՝ միշտ մնում է և չի անցնում:

******

Տխուր, սաստիկ տխուր մարդիկ ենք, թեև քիչ են խոր զգացողները:

Շատ քիչ մարդիկ են մնացել, որոնք ունեն խոր զգացմունքներ և չէն անում ամեն ինչ ձևի համար:

 

******

Լավ ես ասում` թե կյանքը — կյանք է: Բայց մի մոռանար, որ մարդն էլ մարդ է: Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ` մեռնում. այնուհետև դարձյալ կյանքը-կյանք է, բայց մարդը — էլ որտե՞ղ է…Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ:

*******

Մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով՝ երջանկության խնդիրն է – էդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է: Բայց էս էլ քիչ բան չի, հա~: Գրեթե ամեն բան է ու ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը: Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին:

*********

Մեր կյանքը, չնչին բացառությամբ, հյուսված է այսպիսի օրերից՝  խեղդուկ է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն էլ կարծես վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի: Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանք է հորինում իբրև — այն էլ շատ է նողալի: Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտում ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան: Բայց թող անկեղծ խոսեմ՝ ամենից առաջ պոեզիան: Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում:

********

Կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը –ավելի ճիշտ – հղփանալը իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ – հոգու կարոտներ: Եվ հենց սրա համար է լավ մենակությունը: Մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա~յն, խաղա~ղ, անվրդո~վ ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Մենակությունը աստվածային դրություն է:

********

Ես հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները:

********

Էհ, սիրելիս, մենք առանց այն էլ կուչ եկած ենք. եթե միշտ նրա մասին մտածես, որ քեզ ավելի կուչ ածես, պրծանք: Այնուհետև՝ էլ դու չես – այլ մի ուրիշ մարդ, որ թերևս ավելի լավ ապրի, ավելի քիչ լինի ենթակա ձախորդությունների ու տագնապների, բայց այդ բոլորի հետ միասին էլ չի կարող նա այնպես շփերթ ու խելագար թևերը տարածել, այնպես հանդուգն ու անզուսպ մտածել:

Լրացուցիչ կրթություն

  1. Ձայնագրել կամ տեսագրել Հովհ. Թումանյանի, Վ. Տերյանի, Եղ. Չարենցի, Համո Սահյանի ստեղծագործություններից:

2. Կարող եք նաև այլ բան ձայնագրել-տեսագրել՝ ըստ ձեր ընտրության:

***
Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,
Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի…
Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
Երկու ամպ եկան, հասան իրարու, —
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու…
Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,
Հետո հեռացան անհոգ ու անփույթ,
Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,
Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ…
Բայց վաղը անձրև կդառնան նրանք
Եվ կհանդիպեն ծովերում հեռու,
Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,
Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:
Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,
Եվ գիտեն անգամ ապերը ոսկի…
Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:

Թողնել մեկնաբանություն